Եվրամիությունը խոստանում է պատժամիջոցներ չկիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու համար և հույս ունի դիվանագիտական ճանապարհով համոզել նրանց՝ չաջակցել Ռուսաստանին։ Այդ մասին Կենտրոնական Ասիա-ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք արդեն բազմաթիվ միջոցներ ենք ձեռնարկել նրանց դեմ, ովքեր աջակցում են ռուսական ռազմական մեքենային՝ 10 պատժամիջոցների փաթեթ: Այժմ քննարկում ենք պատժամիջոցների 11-րդ փաթեթը, որպեսզի նվազեցնենք շրջանցման վտանգը: Բայց ես ուզում եմ հստակեցնել, որ մենք ոչ մի արտատարածքային միջոց չենք կիրառում, այլ ցանկանում ենք աշխատել աշխարհի մեր բոլոր գործընկերների հետ միայն երկխոսության միջոցով»,- ասել է Միշելը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը կպարունակի ոչ այնքան նոր արգելքներ, որքան նախորդ 10 փաթեթի արդյունավետությունը բարելավելու միջոցառումներ։