Առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարող ուժից պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով հարցաքննելու անհրաժեշտություն կա, խորհրդարանում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Սասուն Խաչատրյանը նաև թվեր է ներկայացրել իր գերատեսչության վարույթում գտնվող կոռուպցիոն գործերի վերաբերյալ, սակայն զերծ է մնացել մեղադրվողների անուններ հնչեցնելուց:
Սասուն Խաչատրյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ) - Այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 մլն դրամ, ունենք քրեական վարույթ, որ մոտ էլի 250 մլն դրամի հիմնավորվել է վնասը, որը նույնպես, կարծում եմ, կվերականգնվի: Ունենք քրեական վարույթ, որով հիմնավորված է մոտավորապես դրամի 34 մլրդ, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, ամբողջ ծավալով կալանք է դրված այդ գումարի չափով գույքի վրա: