Ուկրաինական անօդաչուներով ՌԴ-ում Բրյանսկի և Բելգորոդի մարզերից բացի հարձակման են ենթարկվել նաև Սմոլենսկի, Կուրսկի և Կալուգայի մարզերի բնակավայրերն ու օբյեկտները:
Ռուսաստանի Սմոլենսկի մարզի նահանգապետը հայտնել է, որ երկու անօդաչուներ հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների՝ գազի և նավթավերամշակման կայանների վրա: Հաջողվել է խուսափել կրիտիկական վնասներից ու հրդեհներից։
Անօդաչու սարքեր են ներխուժել Կուրսկ: Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն վնասներ են գրանցվել բազմահարկ շենքի մուտքում և մի քանի այլ առանձնատներում, ասել է Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Տեղի բնակիչների խոսքով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել:
Պայթյուն են լսել նաև Կալուգայի շրջանի Կիրովսկի շրջանի բնակիչները։ Սարքը, ինչպես նշել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան, ընկել և պայթել է անտառում։ Տնտեսական օբյեկտներն ու բնակելի շենքերը չեն տուժել։
Ղրիմում, Սևաստոպոլի, Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերում գործում է միջին մակարդակի արձագանքման ռեժիմ։
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ գիշերը հրթիռային ու դրոնների հարձակում է եղել Կիևի վրա: Հրթիռներն արձակվել են Կասպից ծովի կողմից: Telegram-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ Ուկրաինայի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել բոլոր 15 թևավոր հրթիռներն ու 21 հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Մայրաքաղաք Կիևում և Կիևի մարզում կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, սեփական տներ և ավտոմեքենաներ: Լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մի շարք բնակիչներ պատսպարվել են մետրոյի կայարաններում և նկուղներում: