Հանրային հեռուստաընկերության բակում Հայաստանի ու Չինաստանի դրոշներն են: Նախապատրաստական վերջին շտկումները՝ նախատեսված համաձայնագրի ստորագրումից առաջ: Հայաստանի և Չինաստանի հին բարեկամությունը նոր արդյունքներ է տալիս:
Համաձայնագրով չինական կողմը հեռուստաընկերության տարածքում 26 մլն դոլարից ավելի ներդրում կանի՝ կառուցելով Հանրայինի նոր՝ 8-րդ մասնաշենքը: Այն լինելու է մոտավորապես այս հատվածում:
Ժամանակակից հեռուստատեսությունը պահանջում է ժամանակակից մոտեցումներ և՛ շենքային պայմանների, և՛ տեխնիկական հագեցվածության առումով: Կառուցվող մասնաշենքը կլուծի բոլոր խնդիրները:
Ֆան Յոնգ (ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Շատ ուրախ ենք ստորագրելու հեռուստատեսության նոր մասնաշենքի կառուցման համաձայնագիրը: Մինչև այս նախագիծը մի քանի փուլով քննարկել ենք, վերջապես հասել ենք իրագործման փուլին: Հայաստանի կառավարության հետ երկար ենք քննարկել և հասկացել ենք, որ դուք ունեք նման որակի և հագեցվածությամբ մասնաշենքի կարիք, իսկ Չինաստանը կարող է օգնել, քանի որ այս ոլորտում շատ ձեռքբերումներ ունի:
Ճան Մինգվու (ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն) - Հայաստանն ու Չինաստանը լավ բարեկամներ են, մենք լավ հարաբերություններ ունենք: Քիչ առաջ էլ ստորագրեցինք այս շատ կարևոր նախագծի իրականացման մասին համաձայնագիրը: Չինաստանի կառավարությունը ցանկանում է ձեզ տրամադրել նաև գերժամանակակից սարքավորումներ՝ բարձրացնելու հեռուստահաղորդումների որակը: Վստահ ենք, որ նոր մասնաշենքը դառնալու է օրինակելի ոլորտում, նաև զարդարելու է ձեր քաղաքը:
Անկախությունից ի վեր սա հեռուստաընկերությունում արվող ամենամեծ ներդրումն է:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Երկար ժամանակվա աշխատանքի արդյունքում ձևավորված մի նախագիծ է, որի շնորհիվ մենք կունենանք մի նոր տաղավար Հանրայինի համար՝ կահավորված ժամանակակից տեխնիկայով: Սա շատ մեծ ձեռքբերում է լինելու և նոր շունչ է տալու մեր հեռուստաընկերության որակին:
Շինարարությունը կմեկնարկի այս տարի ու կտևի մոտ 2.5 տարի:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - 8-րդ մասնաշենքում լինելու են աշխատանքային հատվածներ, բայց որ ամենակարևորն է՝ Հանրայինը կունենա ժամանակակից շատ մեծ տաղավար, որ պատկերացնենք՝ չափերով եղած ամենամեծ տաղավարից այս պահին 3 անգամ ավելի մեծ տաղավար ենք ունենալու՝ 1000 քմ տարածքով: Սա նոր, ավելի մեծ շոուների հնարավորություն կտա:
Մինչև բուն շինարարության մեկնարկը՝ հայկական կողմը կիրականացնի 2 մլն դոլարից ավելի ներդրում՝ կառուցելով դեպի նոր մասնաշենք տանող ճանապարհները, որից հետո տարեվերջին տարածքը կհանձնվի չինացիներին:
Հովհաննես Մովսիսյան - Մեծ մասամբ, աշխատանքային մասը լինելու են չինացիները, այսինքն՝ Չինաստանից են շինարարները, նման փորձ Հայաստանում էլի է եղել, բայց սա բավականին մեծ ներդրումային նախագիծ է՝ Հանրայինի համար նախատեսված:
2025-ին նորագույն տեխնիկայով 8-րդ հեռուստաստուդիան պատրաստ կլինի: