16-ամյա մատուցողին ծեծած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը դատախազի որոշմամբ վերացվել է: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար: Նա ձերբակալվել է, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հունիսի 1-ին բռնության տեսանյութի տարածումից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 10-ի միջադեպի մասին հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, իսկ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել գործուն զղջալու հիմքով: Որոշմանն այսօր խորհրդարանում անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Արգիշտի Քյարամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ) - Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել, և, ընդհանուր առմամբ, Քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է դա: Մենք չենք ընդունում, և ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ: Ես գիտեմ, որ հանրության շրջանակում բացասական արձագանք է գտել այդ տեսանյութի տարածումից հետո այդ երևույթը, և ես այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել մեր հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով, միգուցե, նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել նաև Խնամակալության և հոգաբարձության մարմնի ու անչափահասի փաստաբանի հետ:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Տվյալ պարագայում խոսքն անչափահասի մասին է, հետևաբար, նաև այս մասով տրամադրվող տեղեկատվությունը, տարածվող տեղեկատվությունը պետք է շատ զգույշ լինի, շատ զգայուն լինի: Մենք ևս, թե հանդիպումները, թե նաև մնացյալ այլ գործիքակազմի իրացումը, որն այս համատեքստում իրականացնելու ենք, իրականացնելու ենք խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի լավագույն շահը հաշվի առնելով:
Միջադեպի առնչությամբ դատախազն ուսումնասիրում է նաև «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում անչափահասներին աշխատանքի ընդունելու օրինականության հնարավոր խախտումները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան