Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում՝ օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը նախատեսվում է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:
«Մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում, ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, ունի երկու մարզադահլիճ, յուրաքանչյուրը 1600 քմ է, ընդ որում` դահլիճներից մեկի բարձրությունն 9 մետր է, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ և մրցաշարեր, կարող է միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ սպորտային միջոցառումների ու հավաքների համար»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ այս պահին հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը երկու հնարավորություն ունենք երկրում՝ Ծաղկաձորի մարզական բազան և Օլիմպավանը, որոնք երկուսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ:
«Հաշվի առնելով սպորտի քաղաքականության այն ակտիվությունը, որ ունենք թե՛ միջազգային մրցաշարերի կազմակերպման և հյուրընկալման, թե՛ մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքների մասով, իսկ գիտեք, որ նախորդ տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307 մեդալ, այս պահին 135-ն ունենք արդեն 10 մարզաձևերից, այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ: Մենք այս պահին 12 մարզադպրոց, մարզահամալիր կառուցելու, վերակառուցելու գործընթացում ենք գտնվում: Նման ենթակառուցվածք ունենալն էլ թույլ կտա ամրապնդել և ամբողջական մոտեցում ձևավորել մեր հավաքականների պատրաստման և այնուհետև լավ արդյունքների գրանցման համար: Այս տարածքը գտնվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում, և այս գործընթացն իրականացնելուց հետո նախատեսում ենք, որ կկարողանանք այստեղ ստեղծել արդիական և ամբողջությամբ միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ»,- ասաց նախարարը: