ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ կկայանա մոտ ապագայում, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա մանրամասնել է, որ կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգին վերաբերող տեխնիկական մանրամասները:
«Հայաստան-Ադրբեջան սահմանին կիրականացվեն անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություններ, որոնք առկա են միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ դա կարևոր է:
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ կողմերն այսօր «շատ մոտ» են հայտարարելու, որ կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
«Հայաստանը նույնպես ապաշրջափակման հնարավորություն է ստանում` Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ և Իրան դուրս գալու համար»,- ասել է Օվերչուկը։
ԳԱԼՈՒԶԻՆՆ ՈՒ ԽԱԼԱՖՈՎԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Խալաֆ Խալաֆովը բանակցություններ են անցկացրել:
«Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դիվանագետներն անդրադարձել են նաև ռուս-ադրբեջանական գործակցությանը, ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերին:
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԵՎՍ 700 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՈՒՂԱՐԿԵԼ ԿՈՍՈՎՈ
ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կոսովոյում բոլոր քաղաքացիների համար անվտանգ և հանգիստ իրավիճակ ապահովելու համար և կշարունակի գործել անաչառ՝ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան, ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա մանրամասնել է, որ մտադիր են Արևմտյան բալկաններ ուղարկել ևս 700 զինծառայող օպերատիվ պահուստային ուժերից և բարձր պատրաստության վիճակի բերել պահուստային ուժերի եւս մեկ գումարտակ, որպեսզի այն ևս, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի օգտագործել։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հազարավոր սերբեր շարունակում են բողոքի ակցիաները Կոսովոյի հյուսիսում գտնվող Զվեչան և Լեպոսավիչ մունիցիպալիտետների շենքերի առջև: Kosovo online պորտալը հաղորդում է, որ բողոքի մասնակիցները կրկնել են սերբաբնակ շրջաններից Կոսովոյի ոստիկանական հատուկջոկատայիններին հեռացնելու, քաղաքապետարանների սերբ աշխատակիցների մուտքը թույլատրելու և ձերբակալվածներից երկուսին ազատ արձակելու պահանջները:
Վաշինգտոնը կարծում է, որ ոստիկանության գործողությունները ինքնահռչակ Կոսովոյում հանգեցրել են լարվածության կտրուկ աճի, ԱՄՆ-ն դեէսկալացիոն քայլեր է ակնկալում Բելգրադից և Պրիշտինայից։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Կոսովոյի իշխանությունները պատասխանատվություն են կրում անկարգությունների համար, որոնք կտրուկ սրվել են, Բրատիսլավայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը մանրամասնել է, որ այս շաբաթվա վերջին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Կոսովոյի և Սերբիայի ղեկավարների հետ։
ԵՄ-ԻՆ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Եվրահանձնաժողովը պատրաստել է Եվրամիությանը բալկանյան երկրների արագացված ինտեգրման ծրագիր, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը` Բրատիսլավայում անցկացվող փորձագիտական ֆորումի ժամանակ: Նա նշել է, որ ծրագիրը ներառում է այդ երկրների արագացված ինտեգրում ԵՄ միասնական շուկային, տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնում, Եվրամիությանն անդամակցության նախապատրաստման հիմնադրամներից դրամաշնորհների ընդլայնում։ Լայենը կարծիք է հայտնել, որ Բալկաններում աճող լարվածությունն Ուկրաինայում ռազմական հակամարտության հետևանք է։
ՇՎԵԴԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ. ՀՅՈՒԻԹՖԻԼԴ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդը հայտարարել է, որ Շվեդիան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ հնարավորինս շուտ՝ մինչև ամռանը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այսօրվանից ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հավաքվում են Օսլոյում բանակցությունների։ Միայն Թուրքիայի արտգործնախարարը ներկա չի լինելու հանդիպումներին, քանի որ մեկնարկել է Թուրքիայի կառավարության նոր կազմի ձևավորման գործընթացը:
Ասուլիսի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարը նշել է, որ այս հանդիպումը կվերահաստատի երկրների ամուր անդրատլանտյան կապերը և կնպաստի ընդհանուր մարտահրավերների լուծմանը:
«Ուկրաինայում պատերազմն ընդգծեց, թե ՆԱՏՕ-ն որքան կարևոր է մեր անվտանգության համար»,- ասել է Աննիկեն Հյուիթֆիլդը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Թուրքիայում նախագահ Էրդողանի անվան հիմնադրամ է ստեղծվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի հիմնադրամների կառավարման վարչությունը։ Հիմնադրամի բյուջեն կկազմի 120 հազար լիրա։ Նշվում է, որ հիմնադրամի նպատակն է հիմնել «Ռեջեփ Թայիփ Էրդողանի թանգարանը», որտեղ կցուցադրվեն նախագահի անձնական իրերն ու կառավարման ժամանակ նրան նվիրած իրերը։
Բացի դրանից, նախատեսվում է հիմնել «Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրադարանը»՝ բարձրացնելու հասարակության կրթական և մշակութային մակարդակը։ Հիմնադրամը կազմակերպելու է նաև ցուցահանդեսներ՝ գիտական, մշակութային և գեղարվեստական ծրագրերով։