ԲԵԼԳՈՐՈԴԻ ՆԱՀԱՆԳԸ ՆՈՐԻՑ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է. ԳԼԱԴԿՈՎ
Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ Շեբեկինսկի շրջանը գիշերը հերթական անգամ գնդակոծվել է։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հրետակոծությունը շարունակվել է մեկ ժամ, գործարկվել է ՀՕՊ համակարգը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ։ Հարվածների հետևանքով Շեբեկինո քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել:
Բելգորոդի օպերատիվ շտաբն էլ հայտնում է, որ Շեբեկինսկի շրջանում առավոտյան բարդ իրավիճակ է եղել, լսվել են պայթյուններ: Կառույցը հերքել է լուրերը, թե Ռուսաստանի տարածք ուկրաինացի զինծառայողներ են ներթափանցել։
ԿԻԵՎԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի ողջ շրջանում առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Շչակներ են միացվել նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի և Խարկովի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեում: Կիևի շրջանային և քաղաքային ռազմական վարչությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 10 հրթիռ, բոլորը խոցվել են, սակայն կան ավերածություններ: Կիևում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ և ավտոմեքենաներ։ Կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ:
ԲԱԽՄՈՒՏԻ ԵՎ ԼԻՄԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բախմուտի և Լիմանի ուղղությամբ ռազմական գործողությունները շարունակվում են՝ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Երկրի պաշտպանության փոխնախարարն էլ տեղեկացրել է, որ ռուսական ուժերը գրավել են Բախմուտի մեծ մասը, ուկրաինական կողմը վերահսկում է Բախմուտի հարավարևմտյան հատվածը և քաղաք մուտքը։ Աննա Մալյարի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվացրել է հրետանային գնդակոծությունները, «սակայն Ուկրաինայի զինված ուժերին հաջողվում է խանգարել նրանց հետագա առաջխաղացմանը»,- հավելել է պաշտոնյան:
«Վագների» ղեկավարն էլ հայտնել է՝ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները հետ են քաշվում թիկունք։
Բախմուտի քաղաքապետ Օլեքսի Ռևան հայտարարել է, որ քաղաքային մարտերի պատճառով բնակավայրը փաստացի ամբողջությամբ ավերվել է, ներկայումս այնտեղ մոտ 500 բնակիչ է մնացել։ Մինչև պատերազմը Բախմուտում ապրում էր 80 հազար մարդ։ Ռևան հավելել է՝ հայտնի է խաղաղ բնակչության շրջանում 204 զոհի և 505 վիրավորի մասին:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԻԵՎԻՆ
Միացյալ Նահանգները ռազմական աջակցության նոր փաթեթ է տրամադրում Ուկրաինային, այն ներառում է Stinger և HIMARS զենիթահրթիռային համալիրներ, Avenger հակաօդային պաշտպանության համակարգ, Patriot համալիրների համար զինամթերք և այլ զինտեխնիկա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ սա Ուկրաինային ռազմական օգնության արդեն 39-րդ փաթեթն է: Պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը Կիևին արդեն 37,6 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել:
«Մենք նրանց զենք ենք տրամադրում, վերապատրաստումներ ենք անցկացնում, բայց չենք ասում՝ ուր հարվածել: Նաև չենք խրախուսում հարվածները Ռուսաստանի տարածքին»,- ասել է Քիրբին, հավելել՝ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չեն և երրորդ համաշխարհային պատերազմ չեն ցանկանում։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ԱՄՆ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագծին, ինչը թույլ կտա խուսափել դեֆոլտից՝ հայտնում է Reuters-ը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 314, դեմ՝ 117 կոնգրեսական, այդ թվում՝ 71 հանրապետական և 46 դեմոկրատ։
Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քվեարկությանը, գործակալությունը գրում է՝ դա պետք է տեղի ունենա մինչև հունիսի 5-ը, քանի որ դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կսպառի պարտավորությունների կատարման համար առկա ռեսուրսները: Հաստատման դեպքում փաստաթուղթը կուղարկվի Ջո Բայդենի ստորագրմանը։
ԱՄՆ նախագահը ողջունել է Ներկայացուցիչների պալատի որոշումը, այն անվանել «լավ նորություն» ամերիկացիների և երկրի տնտեսության համար: