Օսլոյում ընթանում է ՆԱՏՕ-ի 31 երկրների և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը:
Դրա հիմնական օրակարգային հարցերն են Ուկրաինայում և Կոսովոյում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերի բարձրացումը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստումը, կառույցին Շվեդիայի անդամակցության հարցը։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, հավելել. «Մոսկվան իրավունք չունի արգելափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը»: Ենս Ստոլտենբերգն անդրադարձել է նաև կազմակերպությանը Շվեդիայի անդամակցության հարցին, նշել, որ մոտ ապագայում նախատեսում է մեկնել Անկարա՝ շարունակելու քննարկումներն այդ թեմայով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Օսլո չի մեկնել: Ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը նշել էր, որ իր երկիրը կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի պահանջները: