Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. դրանք բխում են ողջ Հարավային Կովկասի շահերից՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը նաև շատ կարևոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
ԲԵԼԳՈՐՈԴԻ ՆԱՀԱՆԳԸ ՆՈՐԻՑ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է. ԳԼԱԴԿՈՎ
Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ Շեբեկինսկի շրջանը հերթական անգամ գնդակոծվել է։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ։ Հարվածների հետևանքով Շեբեկինո քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է՝ ռուսական զորքերը խափանել են Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքի բնակիչների դեմ Կիևի հերթական ահաբեկչության փորձը:
«Այսօր առավոտյան ռուսական կողմը Ուկրաինայի հետ սահմանային գոտում ոչնչացրել է ուկրաինացի ավելի քան 30 ահաբեկչի, 4 զրահապատ մարտական մեքենա և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որոնք փորձում էին ներխուժել քաղաք»,- մանրամասնել է Կոնաշենկովը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Շեբեկինո քաղաքի մի շարք բնակիչներ տարհանվել են, նրանց ընդունել են Բելգորոդի ժամանակավոր տեղակայման կենտրոնում:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռեջեփ Էրդողանը մայիսի 28-ին կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքներով պաշտոնապես հաղթող է ճանաչվել: Նա Թուրքիայի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ևս 5 տարի։
«Հանձնաժողովը քննարկել է քվեարկության արդյունքների մասով առարկությունները։ Այսպիսով, Էրդողանը ստացել է ձայների 52,18, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը»,- տեղեկացրել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավարը: Ահմեդ Էների խոսքով՝ երկրորդ փուլում ընտրությանը մասնակցությունը երկրում կազմել է 85,72%, իսկ արտերկրում՝ 56,34%։ Ընդհանուր առմամբ քվեարկել է շուրջ 54 մլն մարդ։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին: Թուրքական կողմի տվյալով՝ մի շարք երկրների ղեկավարներ ցանկություն են հայտնել մասնակցելու միջոցառմանը: Վլադիմիր Պուտինի օգնականը տեղեկացրել է, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
ՇՎԵԴԻԱՆ ԿԱՏԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի պահանջները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում՝ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարարը: «Մենք կատարել ենք այն, ինչ խոստացել էինք»,- ընդգծել է Թոբիաս Բիլստրյոմը։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Հունգարիային, որը նույնպես դեռ հրաժարվում է հաստատել Ստոկհոլմի անդամակցությունը դաշինքին:
Շվեդիայի ահաբեկչության մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 1-ից: Դրանք նախատեսում են քրեական պատասխանատվության սահմանում ահաբեկչական խմբավորումներին հարելու, ահաբեկչական կառույցների ֆինանսավորման, ահաբեկչական գործունեության հրապարակային խրախուսման և հանցավոր նպատակներով մարդկանց հավաքագրման համար:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ էր արել ավարտին հասցնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը: Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Ստոկհոլմն արդեն զգալի քայլեր է ձեռնարկել՝ Անկարայի առարկությունները հաղթահարելու համար:
ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Օսլոյում ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը չի մասնակցում միայն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հիմնական օրակարգային հարցերն են Ուկրաինայում և Կոսովոյում իրավիճակը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերի ավելացումը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստումը, կառույցին Շվեդիայի անդամակցության հարցը։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, հավելել. «Մոսկվան իրավունք չունի արգելափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը»: Ենս Ստոլտենբերգը անդրադարձել է նաև կազմակերպությանը Շվեդիայի անդամակցության հարցին, նշել, որ մոտ ապագայում նախատեսում է մեկնել Անկարա՝ շարունակելու այդ թեմայով քննարկումները: