Քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքով։
«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում, հնարավորություն ունեցանք քննարկելու հաղորդակցությունը, անվտանգությունն ու իրավունքները, սահմանը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագիրը։ Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։
Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։
Դա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Միշելը: