ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Կառավարությունը հաստատեց Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգն ու հավելավճարների չափը: Կատեստավորվեն ոստիկանության պետի տեղակալներն ու համակարգի այլ խմբի ծառայողները: Ատեստավորումը կիրականացվի երեք փուլով: Կստուգվեն ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացածությունը, ֆիզիկական և մարտական պատրաստվածությունը, մասնագիտական կարողությունները: Գործընթացի թափանցիկության համար թեստավորումը կիրականացվի էլեկտրոնային համակարգով:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Երբ խոսում ենք թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքների մասին, որից կախված է լինելու հավելավճարի չափը, խոսում ենք երեք արդյունքի մասին՝ «գերազանց», «լավ», «բավարար»: «Գերազանց» անձը կարող է ստանալ, եթե 45-50 հարցադրմանը ճիշտ է պատասխանել, «լավ»՝ եթե 35-44, «բավարար»՝ 26-34, այսինքն՝ կեսից ավելին է: Մինչև 25-ը կհավակնի ստանալ «անբավարար» գնահատականի, կապված սրա հետ՝ կորոշենք հավելավճարի չափերը:
Ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 190 հազար, մայորը՝ մինչև 350 հազար դրամ, իսկ գնդապետը՝ մինչև 560 հազար դրամ հավելավճար։
Արփինե Սարգսյան - Պրոցեսն ըստ էության նախատեսում ենք մեկնարկել հուլիսին, ըստ կանոնակարգի՝ ատեստացիայի ժամանակացույցից մեկ ամիս առաջ պետք է իրազեկվեն, որ կարողանան պատրաստվել, եթե հունիսին հայտարարությունը տարածենք, ժամկետը կլինի հուլիսին:
Սահմանվել են չափանիշներ, թե որ դեպքում ոստիկանության ծառայողները չեն կարող մասնակցել ատեստավորմանը: Առաջինը վերաբերում է թմրամիջոցի, հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը: Հաջորդ կարևոր պայմանը, ըստ փոխնախարար Սարգսյանի, ֆինանսական կարգապահությունն է:
Արփինե Սարգսյան - Եթե ծառայողն ունի 20 միլիոն դրամի վարկ, որի շրջանակում 91 օր և ավելի ժամկետանց պարտավորություն, չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը: Խոսքը չի վերաբերում 1 կամ 10 օր ժամկետանց վարկային պարտավորություններին, աշխատողը չպետք է տուժի դրանից, խոսքը վերաբերում է ռիսկային գոտում գտնվող ծառայողներին, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկայնության աստիճան ունենալ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ԿԲ-ի հետ կշարունակենք աշխատել. նույնը անելու ենք ՊՆ-ի հետ կապված, ողջամիտ վարկերը, որոնք տվյալ անձանց մոտ, որ կա ոչ բարվոք վարկային պատմություն, ատեստացիայի արդյունքների ուժով կփորձենք անդրադառնալ հարցին: Հաշվի առնելով վաստակի կայունությունը՝ լուծումներ կգտնենք դրական անդրադարձ համարել ռիսկերը չեզոքացնելու: Բալանսավորված մոտեցում ենք ունենալու:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ
Գործադիրը հաստատեց նաև՝ ո՛ր դեպքերում հարկ վճարողն իրավունք ունի գումարը հարկային մարմին ներկայացրած բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի փոխանցել: ՊԵԿ նախագահը նշեց՝ նախկինում հարկ վճարողը կարող էր միասնական հաշվից գումարի փոխանցման համար ցանկացած այլ բանկային հաշիվ նշել: Դա, ըստ նրա, հանգեցրել էր խարդախության դեպքերի: Փաստաթղթերի կեղծմամբ իրավաբանական անձի աշխատակիցը գումարը փոխանցել էր այլ հաշիվներին՝ վնաս պատճառելով նաև պետությանը:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Վերակազմակերպման դեպքերն են, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող է փոխանցվել լուծարման դեպքում՝ կազմակերպության մասնակիցների, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ՝ իրենց հաշիվներին, և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝գանձապետական հաշիվներին:
ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ԿԳՄՍՆ-ԻՆ
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզական կենտրոնի տարածքը կհանվի մասնավորեցման ցանկից և կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը՝ հավաքական թիմերի մարզումների համար:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում, ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված 60 հոգու համար, ունի 2 մարզադահլիճ, յուրաքանչյուրը 1600 քմ է, ընդ որում`դահլիճներից մեկի բարձրությունն 9 մետր է, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ և մրցաշարեր, կարող է միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ սպորտային միջոցառումների ու հավաքների համար:
Հավաքական թիմերն այս պահին ընդամենը 2 տարածք ունեն՝ Ծաղկաձորի մարզական բազան և Օլիմպավանը, որոնք, ըստ նախարարի, սահմանափակ հնարավորություններ ունեն:
Ժաննա Անդրեասյան - Հաշվի առնելով սպորտի քաղաքականության այն ակտիվությունը, որ ունենք թե միջազգային մրցաշարերի կազմակերպման և հյուրընկալման, թե մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքների մասով, իսկ գիտեք, որ նախորդ տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307 մեդալ, այս պահին 135-ն ունենք արդեն 10 մարզաձևերից, այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ:
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է 12 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
Այս պահին կառուցվում, վերակառուցվում է 12 մարզադպրոց, մարզահամալիր: Այս գործընթացի իրականացումից հետո, ըստ Անդրեասյանի, կստեղծեն միջազգային չափանիշներով մարզական պայմաններ: Նախնական հաշվարկով՝ հիմնանորոգման համար 2.3 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի:
Ժաննա Անդրեասյան - Քանի որ պլանավորում ենք դիմել մի քանի խոշոր մրցաշարարեր անցկացնել Հայաստանում, ցանկալի կլիներ, որ այս ենթակառուցվածքը պատրաստ լիներ 1-2 տարում:
Ավելի քան 4.2 մլրդ դրամ հատկացվեց 15,1 կմ միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար: