Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «Զիլ» մակնիշի մեքենան։
Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5 խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։
Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։
Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։