Կարմիր կտորից հմուտ դերձակը մեկ-երկու րոպեում հասած լոլիկ կստանա, հյութեղ բանջարեղենը կոտլետ-պանիրի հետ կմտնի բուրգերի մեջ։ Արմինեն շերտ-շերտ խաղալիք է կարում։ Խոհանոցային տեսականուց ըստ երեխայի ախորժակի հավաքվող պիցցա էլ ունի։ Խաղալիքները բոլորը փափուկ են, երևակայություն ու մանր մոտորիկա զարգացնող, որոշները նաև՝ կրթող։
Արմինե Մելիքյան («Բու-բի թոյս» ընկերության հիմնադիր)- Տակի հատվածում գրված են թվերը, կոճակների վրա նույն քանակի կետեր են, որ երեխաները պետք է հաշվեն ու ճիշտ տեղում դնեն:
Բարձված ոզնին նախատեսված է 3-5 տարեկաններին թվերը սովորեցնելու համար։ Տան երեխաների հետ շփվելուց հասկացել է՝ 5-ից մեծերին արդեն կարելի է բացատրել՝ մարդն ինչի՛ շնորհիվ է ապրում։
Արմինե Մելիքյան - Ստեղ ունենք նաև անատոմիա, որ երեխան սովորի՝ ի՛նչ կառուցվածք ունի օրգանիզմը, որտեղ են գտնվում ուղեղը, սիրտը:
Խաղալիքներ պատրաստելու բիզնեսը երիտասարդ աղջկա հոբբին էր մինչև քովիդը։ Հիմա, երբ հետ է նայում, ինքն իր վրա զարմանում է՝ ինչպե՞ս ռիսկ արեց խառը այդ ժամանակներում գործ սկսել ու հաջողել։
Արմինե Մելիքյան - 2,5 տարվա ընթացքում կարողացել եմ վաճառել 1200-1300 խաղալիք:
Տեսականին վաճառում է հիմնականում օնլայն կամ ցուցահանդեսների ժամանակ։ Խանութներում ներկրվող ու տեղական նմուշները շատ են, մրցակցությունը՝ մեծ։ Իր խաղալիքները տնայնագործ են, բայց բիզնեսում ամեն ինչ ըստ օրենքի է՝ վստահեցնում է ձեռներեցը։ Ընկերությունն ու բրենդը գրանցված են, բամբակից-բամբուկի միջուկով տեսականին՝ սերտիֆիկացված։ Կարելու, հումքի մատակարարման ու հաշվապահության գործն ինքն է անում, առանձին առաքիչ ունի։ 50-60 հատով՝ սկսել է նաև արտահանել Բու-բիներին։
Արմինե Մելիքյան - Արտահանումն իրականացրել եմ Ավստրիա ու ԱՄՆ՝ փոքր քանակներ:
Արմինեն անկեղծանում է՝ երբևէ չի մտածել խաղալիքից բացի այլ բան ստեղծելու մասին, ավելի ճիշտ՝ ոչ երեխաների համար կարելու։
Արմինե Մելիքյան - Գուցե այլ իրեր պատրաստելու ժամանակ ես այդքան մոտիվացիա, էներգիա չստանայի իմ աշխատանքից, որքան երեխաների համար եմ աշխատում:
Փոքրիկների համար հաճույքով նաև վարպետության դասեր է անցկացնում, սովորեցնում թել-ասեղով գույնզգույն զբաղմունք ստեղծել։ Երեխաների միջավայրում նաև նոր բիզնես գաղափարներ են ծնվում՝ ասում է։
Արմինե Մելիքյան - Վերջերս սկսել ենք պատրաստել նաև մազակալներ հետաքրքիր կերպարներով՝ մրգերի, արև, մեղու:
Անհատական պատվերը հաշված՝ մինչև 50 տեսականի ունի արդեն, բայց պատրաստի խաղալիքները տանը հատուկենտ էին։ Ինչ կար կարած՝ գնորդներին է առաքել Երեխաների պաշտպանության հունիսմեկյան տոնի առիթով։
Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան