Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի պահանջները՝ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը:
«Մենք կատարել ենք այն, ինչ խոստացել էինք, ուստի եկել է ժամանակը, որ Թուրքիան սկսի վավերացման գործընթացը և իրագործի համաձայնագրի իր մասը։ Շվեդիան կատարել է հուշագրի բոլոր որոշումները»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Հունգարիային:
Շվեդիայի՝ ահաբեկչության մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 1-ից: Դրանք նախատեսում են քրեական պատասխանատվության սահմանում ահաբեկչական խմբավորումներին մասնակցելու համար, ինչը ենթադրում է ցանկացած գործունեություն, որն ուղղված է նման կազմակերպությունների «առաջխաղացմանը, ամրապնդմանն ու աջակցմանը»: Ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորումը, ահաբեկչական գործունեության հրապարակային հրահրումը և հանցագործություն կատարելու համար հավաքագրումը նույնպես քրեական հետապնդման կենթարկվեն: