Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «դպրոցական ավագանու» նիստ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ։
Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել են 65-ը: Հենց այդ աշակակերտներն էլ հնարավորություն ստացան հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես պատանի ավագանի:
«Դպրոցական ավագանու» նիստում օրակարգային 7 հիմնական հարց էր:
Բակային տարածքների բարեկարգում և կառուցում, խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում, մայթերի բարեկարգում, քաղաքային տրանսպորտի սակավություն, արտադպրոցական կրթական հաստատություններ համար առանձին ուղեգծերի ստեղծում:
Պատանիները, անդրադառնալով բնապահպանական և քաղաքաշինական մի շարք խնդիրների, խոսել են օդի աղտոտվածության, ճարտարապետական կոթողների պահպանության մասին: Բարձրաձայնվել է նաև ինքնագլորների ու թափառող շների խնդիրը:
Պատանի ավագանիները խոսել են քաղաքն առավել հարմարավետ դարձնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներից: Մասնավորապես, շեշտվել է ազատ տեղաշարժի ապահովման համար գետնանցումների, շենքերի հարմարեցման անհրաժեշտությունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: