Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023 թթ. իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշների 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25.000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199.000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Մեկ այլ դեպքով էլ 2023 թ. ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ 270 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշների 490.000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս: