Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել այսօր սպասվող Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և իր մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը:
Միշելը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր կամքը:
«Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու: Մի քանի շաբաթ առաջ առիթ եմ ունեցել հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հուսով եմ, որ այս հանդիպումը առիթ կհանդիսանա երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված քաղաքական կամքի հաստատման համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: