Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է լինելու ՆԱՏՕ-ի անդամ և սպասում է, թե երբ դաշինքը պատրաստ կլինի ընդունելու Կիևին: Նախագահի խոսքով՝ անվտանգության երաշխիքները կարևոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի համար, քանի որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի այլ հատվածների համար:
Սանդուն էլ նշել է, որ Մոլդովան հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Ուկրաինան այսօր ապահովում է Մոլդովայի անվտանգությունը, և մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Մոլդովան նույնպես աջակցում է նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձևին»,- ընդգծել է Սանդուն:
Նա կոչ է արել աջակցել, հավատալ և ներդրումներ կատարել Ուկրաինայում և Մոլդովայում, քանի որ դա ներդրում է Եվրոպայում ժողովրդավարության, կայունության և խաղաղության մեջ: