Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Շեբեկինսկի շրջանը գիշերը հերթական անգամ գնդակոծվել է։ Պաշտոնյայի խոսքով՝ հրետակոծությունը շարունակվել է մեկ ժամ, գործարկվել է ՀՕՊ համակարգը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ։ Հարվածների հետևանքով Շեբեկինո քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել:
Բելգորոդի օպերատիվ շտաբն էլ հայտնում է, որ Շեբեկինսկի շրջանում առավոտյան բարդ իրավիճակ է եղել, լսվել են պայթյուններ: Կառույցը հերքել է լուրերը, թե ուկրաինացի զինծառայողները ներթափանցել են Ռուսաստանի տարածք։
Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Բելգորոդի շրջանը պարբերաբար հայտնվում է ուկրաինական ուժերի թիրախում: Պատերազմի մեկնարկից ի վեր ողջ տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել։