620 մլրդ 369 մլն դրամ տարեկան ճշտված բյուջեից ծախսվել է 613 մլրդ 585 մլն, իրականացվել 16 ծրագիր, 126 միջոցառում: Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը: Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է, որ կատարողականը կազմել է 98.9 տոկոս:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ ԱՍՀ նախարար) - Կենսաթոշակային ապահովությանն ուղղվել է շուրջ 412 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավմանը` շուրջ 40 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցության համար տրամադրվել է շուրջ 27.6 մլրդ դրամ, սոցիալական ապահովությանը 2022 թվականին ուղղվել է շուրջ 73.9 մլրդ դրամ՝ ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության համար շուրջ 3 մլրդ դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների համար շուրջ 2.9 մլրդ դրամ, բնակարանային ապահովմանն ուղղվել է շուրջ 951.1 մլն դրամ, զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 860 մլն դրամ, ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ուղղվել է շուրջ 1.8 մլրդ դրամ, սոցիալական փաթեթների ապահովման համար շուրջ 9.3 մլրդ դրամ:
2022 թվականին նպաստ է ստացել 76 հազար 630 ընտանիք. միջին ամսական նպաստի չափը՝ 31 հազար դրամ:
Նարեկ Մկրտչյան - Անապահովության հիմքով էլեկտրաէներգիայի նվազեցման սակագների վճարման ծառայություն է ստացել 86 հազար 514 ընտանիք, որից 70 հազար 32-ը` նպաստառու: Գազի նվազեցման սակագներով վճարման ծառայություն է ստացել 63 հազար 84 ընտանիք, 49 հազար 783-ը` նպաստառու, խմելու ջրի նվազեցման սակագնի վճարման ծառայություն` 46 հազար 538, որից 38 հազար 520-ը` նպաստառու:
2022 թվականին ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 5700-ով նվազել է, ինչը նախարարը պայմանավորում է 2021-ին իրականացված բարեփոխումովներով: Նախորդ տարի միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 10 հազարից ավելի անձ:
Նարեկ Մկրտչյան - Գործազուրկների թիվը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 48 հազար 561, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 16.5 տոկոսով: Բացի այդ, 1178 անձ ձեռք է բերել ժամանակավոր զբաղվածություն` ներգրավվելով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում: Ի սկզբանե ծրագիրը նախատեսված է եղել 716 անձի համար:
Նախարարն անդրադարձել է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակների և նպաստների 10 տոկոս հետվճարի ծրագրին:
Նարեկ Մկրտչյան - Միայն 2022 թվականի 2-րդ կիսամյակում կենսաթոշակային քարտերով ապահովվել է շուրջ 9 մլրդ 600 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, իսկ այդ գործարքներից շահառուներին տրված հետվճարը կազմել է 800 մլն դրամ: Նշեմ նաև, որ անկանխիկ եղանակով գործարքներ կատարողների թիվը շարունակում է կայուն աճ ապահովել նաև այս տարի:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ժողովրդագրության ոլորտում իրականացված ծրագրերով:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Օրինակ, ունենք երրորդ երեխայի, հաջորդ երեխայի համար ծրագրեր, որոնց արդյունքում պետությունը գումար է լրացուցիչ հատկացրել, կցանկանայի իմանալ` դրանք ինչ արդյունավետություն են ունեցել:
Նարեկ Մկրտչյան - Եթե նայենք ծննդյան կապակցությամբ իրականացված այս կարգաթվային կառուցվածքը՝ 18 թվականին ծնվածների շրջանում երրորդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 8270, 2021-ին նրանց թիվը հասել է 11440, աճը` 38 տոկոս, բնականաբար, սա իր ազդեցությունը պետք է ունենա:
Ժողովրդագրության ռազմավարություն են մշակում, աշխատում են աշխարհի առաջատար մասնագետների հետ. հայտնել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կներկայացնեն փաստաթուղթը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան