ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` սահմանազատման համար որպես հիմք ընտրված 1975 թ. քարտեզներով 29.800 քկմ մեջ մտնո՞ւմ է նաև Արծվաշենը:
«Այո, մտնում է, մտնում են նաև, օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի այն տարածքները, որ 90-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդպիսի հողեր ունի Պառավաքարը, Այգեհովիտը, Վազաշենը, 75 թվի քարտեզով մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումների հետևանքով:
Ադրբեջանն էլ ասում է` դուք էլ 90-ականների սկզբներից ունեք տարածքներ, որոնք այդ 75 թ. քարտեզով կամ ԽՍՀՄ քարտեզով մերն են, բայց ձեր վերահսկողության տակ են: ՄԵնք ասում ենք` շատ լավ, եկեք, վերցնենք 75 թ. քարտեզը, կա սահմանի գիծ այդ քարտեզի վրա, դե ֆակտո այս պահին որոշ տեղերում մեր զորքն է առաջ, որոշ դեպքերում` Ադրբեջանինը: Եթե այս գիծը վերցնում ենք որպես հիմք, դրանից երկուսն էլ համահավասար հեռավորություն են վերցնում, բայց շատ կարևոր է, որ գիծը մենք ճանաչենք: Եթե այն չլինի, պարզ չի լինի` ով, որտեղից և ինչքան պետք է գնա: Ոմանք սա փորձում են ներկայացնել, թե մենակ հայկական զորքերը պետք է հետ գնան: Ո՛չ, գծից այն կողմ: Եթե սահմանի գիծը չենք խախտել, հետ գնալու խնդիր չունենք»,- ասաց նա: