Հայաստանն առաջարկում է, որ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, որ այնտեղ չլինեն զինված ուժեր` ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ երկրի: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե այս հենքի վրա պատրաստ են գալ համաձայնության:
«Չեմ կարող ասել, որ հիմա ունենք վերջնական ինչ-որ բան, բայց մեր պատրաստակամությունը հայտնում ենք: Ինչո՞ւ: Մենք ուզում ենք, որ հետագա ռազմական էսկալացիայի բոլոր պատրվակները, որ կարող են օգտագործվել, հանենք, չեզոքացնենք: Ասում են` գյուղեր, ասում ենք` լավ, մենք էլ ունենք գյուղեր, մենք պատրաստ ենք վերադարձնել, դուք պատրա՞ստ եք, եթե այո` հենց հիմա փոխենք, էնպես չի, որ ամբողջ օրը երազում ենք, թե ինչ տանք: Բայց մյուս կողմից` մենք ՀՀ շահերը որևէ կերպ չենք նսեմացնում, հակառակը: Նույն Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը ադրբեջանցիների հսկողության տակ է, էդ գյուղի ժողովուրդը իր բարեկեցությունը զարգացնելու հնարավորություն չունի: Մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ, որպեսզի որևէ լեգիտիմացնող առիթ չտանք Ադրբեջանին` ագրեսիվ քաղաքականություն վարելու համար, բայց սա անելիս, լինենք անկեղծ, չստացվի, որ ամեն անգամ ուզում ենք միջազգային հանրությանը կամ դիմացինին մոլորության մեջ գցել: Լավ լուրն ինձ համար այն է, որ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ Երևանում` փակ սենյակում և հրապարակային, նույն բանն եմ խոսում, դա շատ կարևոր առավելություն է»,- ասաց նա: