ԿՈՍՈՎՈՆ ՁԳՏՈՒՄ Է ՕԿՈՒՊԱՑՆԵԼ ՍԵՐԲԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ. ՎՈՒՉԻՉ
Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոխիայում սերբերի նկատմամբ բռնությունները և ստիպված կլինեն պատասխանել իրենց համաքաղաքացիների սպանություններին՝ այսօր հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
«Խոսքը վերաբերում է Կոսովոյի ոստիկանության կողմից մեր հայրենակիցների՝ սերբերի ֆիզիկական ոչնչացմանը, արտաքսմանը, ջարդերին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 20 կամ 30 տարի առաջ»,- ասել է նախարարը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ հայտարարել է, որ չճանաչված Կոսովոյի իշխանությունը ձգտում է օկուպացնել սերբաբնակ շրջանները՝ միաժամանակ շեշտելով՝ Բելգրադը հավատում է քաղաքական երկխոսությանը և տարածաշրջանում ճգնաժամի քաղաքական լուծմանը: Նախագահը երեկ հանդիպումներ է ունեցել Հնգյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանների հետ։
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԵՎՍ 700 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՈՒՂԱՐԿԵԼ ԿՈՍՈՎՈ
ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կոսովոյում բոլոր քաղաքացիների համար անվտանգ և հանգիստ իրավիճակ ապահովելու համար և կշարունակի գործել անաչառ՝ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան, ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա մանրամասնել է, որ մտադիր են Արևմտյան Բալկաններ ուղարկել ևս 700 զինծառայող օպերատիվ պահուստային ուժերից և բարձր պատրաստության վիճակի բերել պահուստային ուժերի ևս մեկ գումարտակ, որպեսզի այն ևս անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի օգտագործել։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հազարավոր սերբեր շարունակում են բողոքի ակցիաները Կոսովոյի հյուսիսում գտնվող Զվեչան և Լեպոսավիչ մունիցիպալիտետների շենքերի առջև: Kosovo online պորտալը հաղորդում է, որ բողոքի մասնակիցները կրկնել են սերբաբնակ շրջաններին Կոսովոյի ոստիկանական հատուկջոկատայիններին հեռացնելու, քաղաքապետարաններ սերբ աշխատակիցներին մուտքը թույլատրելու և ձերբակալվածներից երկուսին ազատ արձակելու պահանջները:
Վաշինգտոնը կարծում է, որ ոստիկանության գործողությունները ինքնահռչակ Կոսովոյում հանգեցրել են լարվածության կտրուկ աճի, ԱՄՆ-ն դեէսկալացիոն քայլեր է ակնկալում Բելգրադից և Պրիշտինայից։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Կոսովոյի իշխանությունները պատասխանատվություն են կրում անկարգությունների համար, որոնք կտրուկ սրվել են՝ Բրատիսլավայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը մանրամասնել է, որ այս շաբաթվա վերջին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Կոսովոյի և Սերբիայի ղեկավարների հետ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Կոսովոյում վերջին օրերին տիրող լարվածություն մտահոգիչ է, և կոչ է արել թուլացնել լարվածություն:
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զրույցի ընթացքում հաստատել են երկկողմ հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ այս պահին կողմերը համաձայնեցնում են, թե որտեղ կլինի հանդիպումը և երբ, բայց, Պեսկովի խոսքով, հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսված են: Թուրքական լրատվամիջոցներն այսօր գրել են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս կայցելեն Թուրքիա։ Համաձայն հրապարակումների՝ նախատեսվում է նախ Պուտինի, իսկ հետո՝ Զելենսկու այցը:
ԻՐԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՇԱՐԺԻ. ՔԱՆԱՆԻ
Իրանը հետևում է տարածաշրջանում Իսրայելի ցանկացած շարժի: «Որևէ մեկը չի վրիպում Իրանի Իսլամական Հանրապետության աչքից»,- Թվիթերում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին: Նրա խոսքով՝ իսրայելական ռեժիմը հուսալի չէ, և նրա պայքարը տարածաշրջանում իրենց ներկայությունն ընդլայնելու համար չի օգնի վերականգնել նրան: Ըստ լրատվամիջոցների՝ Քանանիի այս գրառումը կապված է Ադրբեջան Իսրայելի նախագահի պաշտոնական այցի հետ:
Իցհակ Հերցոգը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հետ հարաբերություններն անվանել էր «ռազմավարական», նշել՝ դրանք նպաստում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը, բարգավաճմանը և զարգացմանը: Հերցոգը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը և Իսրայելը պետք է էլ ավելի խորացնեն գործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։