Շարունակվում է նախկին ոստիկանապետի և մի շարք նախկին բարձրաստիճան ոստիկանների գործով դատավարությունը: Ըստ քրգործի նյութերի՝ Վլադիմիր Գասպարյանի դստերը երեք օրով ձևականորեն նշանակել են բաժանմունքի պետ, որպեսզի նա փոխգնդապետի կոչում ստանալու հնարավորություն ունենա:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով նիստին հարցաքննվեցին ոստիկանության զորքերի ծառայողները: Նրանք ցուցմունք տվեցին նախկին ոստիկանապետի դստեր՝ Յուլյա Գասպարյանին առնչվող դրվագի վերաբերյալ: Փոխգնդապետ Թաթոս Համբարյանը այն վկան է, որի պաշտոնը 3 օրով զբաղեցրել է Գասպարյանի դուստրը: Համբարյանն այդ ընթացքում եղել է զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, իսկ այժմ կադրերի բաժնի պետի տեղակալն է։
Թաթոս Համբարյան (վկա) - Եկավ հրաման, որ ես նշանակվում եմ նույն վայրում օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, դրանից հետո ես իմ տեղում եմ մնացել, ոչ մի պաշտոնի փոփոխություն չեմ կատարել:
Ասաց՝ իր պաշտոնին նշանակված Յուլյա Գասպարյանին երբևէ ոչ տեսել է, ոչ ճանաչել: Ըստ վկայի ցուցմունքի՝ 3 օր անց կրկին հրաման է եկել՝ իրեն նախորդ պաշտոնին վերականգնելու վերաբերյալ: Համբարյանը պնդեց՝ հրամանից անակնկալի է եկել, բայց որևէ մեկին չի դիմել հրամանի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, այնինչ նախաքննության ընթացքում այլ տեղեկություն է հայտնել: Այս հակասությունը հիմք ընդունելով՝ մեղադրող դատախազը հրապարակեց վկայի նախկինում տված ցուցմունքը:
Տիգրան Ենոքյան (մեղադրող դատախազ) - Ես գնացի զորամասի կադրերի բաժին, պարզաբանում պահանջեցի զորամասի կադրերի բաժնի պետ գնդապետ Արման Ավետիսյանից, վերջինս ասաց, որ հրահանգ է եղել, որպեսզի նման հրամաններ ստորագրվեն, բայց ես մտածելու ոչինչ չունեմ, մի քանի օրից հրամանով կնշանակվեմ իմ նախկին պաշտոնին:
Վկան չհիշեց նաև, թե ո՛վ է ստորագրել հրամանը, իսկ նախաքննության ընթացքում նշել էր, որ այն զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է ստորագրել:
Ըստ գործի նյութերի՝ Երանոսյանի հանձնարարությամբ՝ կեղծ փաստաթղթերով Վլադիմիր Գասպարյանի դուստրը ձևական՝ 3 օրով նշանակվել էր զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ՝ փոխգնդապետի կոչում ստանալու նպատակով:
Դատարանում հարցաքննվեցին նաև ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի նախկին պետն ու ավագ սպաները: Այս դրվագի համաձայն էլ՝ Գասպարյանի դուստրը 2015-ին նշանակվել է օպերատիվ բաժնի ավագ սպա, սակայն ծառայության չի ներկայացել, բայց աշխատավարձ ստացել է: Օպերատիվ բաժնի նախկին պետ Կարեն Ստեփանյանն ասաց՝ Յուլյա Գասպարյանին երբևէ չի տեսել, ոչ էլ ճանաչել է, նշեց՝ եթե նման աշխատող լիներ, պաշտոնից ելնելով, պարտավոր էր ճանաչել: Նույնը պնդեցին նաև նրա ենթակաները:
Ըստ գործի նյութերի՝ նախկին ոստիկանապետի դուստրը 2015-18 թվականներին ստացել է 9 միլիոն դրամ աշխատավարձ, բայց չի եկել աշխատանքի: Յուլյա Գասպարյանն անցնում է նաև Լևոն Երանոսյանին օժանդակելու գործով, այս դեպքում՝ մեղադրյալի կարգավիճակով:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վատնման եղանակով հափշտակության համար: Լևոն Երանոսյանը մեղադրվում է խոշոր չափի վատնման և պաշտոնեական կեղծիքի, ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը՝ Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու, իսկ զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ Երանոսյանին օժանդակելու համար: Ընդհանուր առմամբ, այս գործով պետությանը պատճառվել է 21.6 մլն դրամի վնաս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան