Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:
Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:
Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: