Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին: Ըստ Կենտրոնական բանկի տվյալի՝ ապրիլի դրությամբ ավանդները կազմել են 5 տրլն 134 մլրդ դրամ, ինչը 31.2%-ով ավելի է 2022-ի և 39.1 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամով ավանդները` 46.1, իսկ արտարժութայինը՝ 53.9 տոկոս են կազմել:
Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ավանդների մեջ ռեզիդենտների տոկոսը կազմում է 74 տոկոս, մնացածը ոչ ռեզիդենտներն են: Ավանդների բարձր լինելը պայմանավորված է հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդների ներդրմամբ, այսինքն` ավանդ ներդնելու փաստով և ավելի քիչ վարկեր վերցնելու հանգամանքով:
Մասնագետների խոսքով՝ հատկապես տոկոսադրույքների բարձրացման ֆոնին այս ֆինանսական գործիքի եկամտաբերությունը բարձր է ու շահավետ քաղաքացիների համար:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ) - Ավանդը նրանց համար երաշխավորված եկամտի տեսակ է, և տնտեսության մեջ ռիսկեր առաջանալու պարագայում նախընտրում են ավանդներն ավելացնել:
2023 թ. ապրիլին բանկերի տրամադրած վարկերի ծավալը 4 տրլն 409 մլրդ դրամ է, ինչը 9.2%-ով ավելի է 2022-ի և 6.9 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամային վարկերը 64.3 տոկոս են կազմել:
Արուսյակ Մանավազյան - Վարկերի մեջ մոտ 95 տոկոսը մոտ ռեզիդենտներն են և 64 տոկոսը դրամով վերցված վարկերն են: Կարծում եմ` մի փոքր վարկերի տոկոսադրույքներն իրենց ազդեցությունը թողել են, բայց նախորդ տարիների համեմատ վարկերի տրամադրման ցուցանիշը բավականին բարձր է:
Ավանդների և վարկերի ցուցանիշները կարող են փոխվել, երբ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սկսի իջեցնել, նշում են մասնագետները: Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ էականորեն ավելացել են հիպոտեկային և սպառողական վարկերը:
Վիլեն Խաչատրյան - Վերջին 1 տարվա ընթացքում մոտ 230 մլրդով հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է: Չնայած այստեղ լուրջ դեր է կատարում նաև եկամտային հարկի վերադարձման գործոնը: Հիպոտեկայինը ավելի մեծ ծավալներով է աճել` և տեմպի առումով, և տեսակարար կշռի փոփոխության ընդհանուր վարկային պորտֆելի մեջ, և ընդհանուր առմամբ մոտեցել է մինչև 780 մլրդ դրամի: Իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին` դրանք 850 մլրդ-ն են գերազանցել:
Ապրիլին շուրջ 278 մլրդ դրամ է կազմել վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը, ինչը շուրջ 40 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան