Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակին, տարածաշրջանային իրողություններին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներին:
Զրույցի ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգային խնդիրների և վերջիններիս հաղթահարման գործում Սփյուռքի կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ:
Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց բոլոր հնարավորություններով կանգնած են պետության կողքին և իրենց ջանքերն ուղղելու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործին: