ՄՈՍԿՎԱՅԻ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԲԱՎԱՐԱՐ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է այսօր առավոտյան Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը: Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ Կիևը փորձում է վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և սադրել Մոսկվային հայելային քայլեր ձեռնարկել:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ուկրաինական կողմը հարվածել է Մոսկվային, քանի որ ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Պուտինը շեշտել է՝ ռուսական կողմը հարվածում է Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է հեռահար ճշգրիտ զենքով և միայն ռազմական օբյեկտներին:
«Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգն այսօր աշխատել է նորմալ, բավարար։ Չնայած այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ՝ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքը վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Վնասվել է մի քանի բնակելի շենք: Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ քաղաքացիական բնակչության շրջանում լուրջ տուժածներ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է.
«Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա։ Գործարկվել է ութ անօդաչու թռչող սարք։ Դրանք բոլորը խոցվել են»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը հարձակումների հետ ուղղակի կապ չունի:
ԿԻԵՎԸ՝ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Կիևն այսօր նույնպես հայտնվել է օդային հարվածների թիրախում: Մայրաքաղաքի իշխանությունների տվյալով՝ գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։
Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին: Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել են նաև խանութներ և քաղաքացիական այլ օբյեկտներ:
Միայն մայիսին Կիևն արդեն 10-ից ավելի զանգվածային հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների և թևավոր հրթռիկների միջոցով:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետներն արդեն հաստատվել են։ Իր ուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրի ղեկավարությունն արդեն որոշումներ է կայացրել, թե ինչպես են ստորաբաժանումներն առաջ շարժվելու։
«Քննարկել ենք զինամթերքի տրամադրման, նոր բրիգադների նախապատրաստման և հետագա մարտավարության հետ կապված հարցերը», - հավելել է Զելենսկին:
ԲԵՌԼԻՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, քննարկել Կիևին արևմտյան աջակցությունը, հայտնել են Գերմանիայի կառավարությունից:
Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ:
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն էլ խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հռոմը Կիևին ռազմական օգնության նոր՝ յոթերորդ փաթեթն է պատրաստում։ Ռազմական օգնության ցանկը չի հանրայնացվում։
ԱԼԻԵՎԸ ՊԱՏՄԱԿԱՆ Է ՈՐԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երկօրյա այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահին ընդունել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը Իցհակ Հերցոգի այցը «պատմական» է որակել և վստահություն հայտնել, որ այն հզոր ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում:
Հերցոգն էլ նշել է, թե Բաքուն մեծ դեր ունի տարածաշրջանում: Նա Ադրբեջանի հետ հարաբերություններն անվանել է «ռազմավարական», նշել՝ դրանք նպաստում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը, բարգավաճմանը և զարգացմանը: Հերցոգը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը և Իսրայելը պետք է էլ ավելի խորացնեն գործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։
«Ադրբեջան այցն ի կատար ածված երազանք է իմ և իմ ժողովրդի համար», - հավելել է Իսրայելի նախագահը:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
2023 թվականին Ադրբեջանի պետբյուջեից ռազմական նպատակներին կուղղվի լրացուցիչ շուրջ 589 մլն դոլար:
«2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակով հատկացված էր 1.7 մլրդ դոլար։ Սակայն, հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը՝ որոշվել է լրացուցիչ միջոցներ հատկացնել», - հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում:
ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՈՂՈՔ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավարը կառույցի 27 երկրի անունից պաշտոնական բողոք է փոխանցել Վրաստանին՝ Ռուսաստանի և Հանրապետության միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պատճառով։ Պավել Գերչինսկին նշել է, որ Թբիլիսիի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը, որը թույլ չի տալիս ռուսական ինքնաթիռներին մուտք գործել միության օդային տարածք, և այդպիսով ցանկանում մեկուսացնել Մոսկվային:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ի պատասխան հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ երկրների հետ համեմատելը ճիշտ չէ: Նա հավաստիացրել է, որ օդային հաղորդակցությունը չի օգտագորվի պատժամիջոցների շրջանցման համար:
Երկրի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վտանգել երկրի անվտանգությունը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ հայտարարել է՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության նպատակահարմարության հարցը քննարկման կդրվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանը ԵՄ անդամ դառնա:
ՆԱՏՕ-Ն ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՏԱԿ ԿՈՒՂԱՐԿԻ ԿՈՍՈՎՈ
ՆԱՏՕ-ն խաղաղապահների լրացուցիչ գումարտակ կուղարկի Կոսովո՝ տեղում գործող ստորաբաժանումներին աջակցելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է դաշինքի միացյալ ուժերի հրամանատարությունը: Ավելի վաղ Կոսովոյի հյուսիսում սերբերի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին տասնյակ սերբեր, նաև՝ ՆԱՏՕ-ի 40-ից ավելի խաղաղապահ։
Կոսովոյի սերբ բնակչությունը պահանջում է հետ կանչել մի քանի բնակավայրի նորընտիր ալբանացի քաղաքապետներին։ Կոսովոյի վարչապետի վարչակազմից, սակայն, հայտարարել են, որ քաղաքապետները կշարունակեն պաշտոնավարել:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ դժգոհություն է հայտնել, որ միջազգային հանրությունը համաչափ չի արձագանքում Պրիշտինայի գործողություններին, միաժամանակ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին՝ Սերբիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։