ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ պաշտոնից ազատումը։
Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ քննիչներից մեկը՝ մեկ քրեական վարույթով, իսկ մյուսը՝ երկու քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, չեն կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ կամ դրանք կատարել են տևական ուշացումով, առանձին դեպքերում դատավարական փաստաթղթեր կազմելիս անտեսվել են քննությամբ ձեռք բերված մի շարք օբյեկտիվ ապացույցներ, անձանց գործողություններին տրվել են այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չեն բխել վարույթով ձեռք բերված փաստական տվյալներից՝ այդ կերպ թույլ տալով քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ։
Հաշվի առնելով նշված քննիչների կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։
Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ։