Գործակցության բազմաթիվ ուղղություններ և ձևաչափեր. Սյունիքը հայ-ֆրանսիական բարեկամության նոր կենտրոն է դարձել:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Ճիշտ է, մենք ունեինք ֆրանկոֆոն Գորիսի և Վիենի հետ համագործակցություն, բայց նոր տեմպ և շունչ տրվեց վերջին 1 տարում: Աջակցման տարբեր ծրագրեր ենք քննարկել գրեթե բոլոր ոլորտներում, բայց առաջինը, որ մեկնարկում է, առողջապահությունն է: Շուտով Կապանում կունենանք ծրագիր շարժական հիվանդանոցների իմաստով, նաև սահմանամերձ գյուղերում մի քիչ այլ մեխանիզմներ կգործարկենք:
Դեռ տասը տարի առաջ Գորիսում բացված Հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոնն օրերս համալրվեց սարքավորումներով:
Արտակ Ասոյան (Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրեն) - Ստացել ենք կոմպյուտերային տոմոգրաֆ, որը մեզ նվիրեց ՍՕՍ կազմակերպությունը: Իրենց նվիրատվության շնորհիվ Սյունիքի մարզն ունեցավ նոր ծառայություն՝ բարձր որակի կոմպյուտերային տոմոգրաֆի ծառայություն:
Մեկ տասնամյակ է՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը սյունեցիների սիրտն է բուժում, խնդիրները մեղմացնում: Մարզում բացառիկ համարվող կենտրոնն անընդհատ զարգանում է:
Արտակ Ասոյան - Այլ բարերարների կողմից ստացել ենք կրծքագեղձի սքրինինգի սարք, որը մի նոր ծառայություն թույլ կտա ունենալ Սյունիքի մարզում:
Մինչև այս կրծքագեղձի սքրինինգի հնարավորություն մարզում լինում էր միայն շրջիկ մամոգրաֆի՝ Սյունիք հասնելու դեպքում: Արդեն հնարավորություն ունեն բուժսպասարկում անցնել տեղում: Նոր բաժանմունք են տեղափոխել նաև անգեոգրաֆի սարքը:
Արտակ Ասոյան - Այստեղ տեղափոխելով՝ նախապատրաստել ենք ամեն ինչ, որ կարողանանք հետագայում ինսուլտով հիվանդներին էլ սպասարկել KT-ի և անգեոգրաֆի համատեղ աշխատանքի շնորհիվ:
Հիմա լիցենզավորման հարցերն են լուծում, եթե հաջող ընթացավ, մեկ ամսից կկարողանան նաև կաթվածի կենտրոնի գործառույթներն իրականացնել: Տեղում մասնագետի խնդիր չունեն, նաև հեշտ համագործակցում են:
Արտակ Ասոյան - Ունենք շատ լավ մասնագետներ, որոնք գտնվում են արտասահմանում և իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել դիագնոստիկ փուլում: Եվ կունենանք հնարավորություն 24 ժամ ռեժիմով տարբեր որակի և մակարդակի մասնագետների եզրակացություն ունենալ:
Կենտրոնը տարեկան 5000 բուժառու է սպասարկում: Որպեսզի սրտի խնդրով հիվանդները անխոչընդոտ հասնեն կենտրոն, մեկնարկել են նաև այստեղ բերող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Ռոբերտ Ղուկասյան - Ճանապարհը շատ վատն էր, իրականում շուրջ 1 կմ է, էնպես չի, որ երկար է, կար պայմանավորվածություն, որ կառուցվում է հիվանդանոց, պետությունը պարտավորվում է այդ ճանապարհը հիմնանորոգել: Ես խորհրդակցեցի նախարարի հետ, անմիջապես արձագանքեց, և հրատապ ծրագրով շուտով կավարտվի, զուգահեռ կոյուղու հարց լուծվեց, բացակայում էր:
Մարզպետի խոսքով՝ մինչև ճանապարհը կառուցվի, Սյունիքի մարզում հայ-ֆրանսիական գործակցությունը կխորանա և՛ գյուղոլորտում, և՛ քույր քաղաքների հետ: