ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԱՄՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Անկարային ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքի հարցը կապել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի հետ։ Զրույցի մանրամասները Բայդենը պատմել է լրագրողներին: Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակից հետո ԱՄՆ նախագահը զանգահարել է Էրդողանին՝ նրան շնորհավորելու համար: Զրույցի ընթացքում Էրդողանը կրկնել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու Անկարայի ցանկությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Վաշինգտոնն էլ ցանկանում է, որ Անկարան հրաժարվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկություններից»։
Սպիտակ տան առաջնորդը հայտնել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է Էրդողանի հետ ավելի մանրամասն քննարկել այս հարցերը։ Թեմային Շվեդիայում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը նշել է, որ Բայդենի վարչակազմը երկու թեմաներն առանձին է դիտարկում և որևէ կապ չի տեսնում, մինչդեռ Կոնգրեսի որոշ անդամներ հակված են կապել դրանք: ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ավարտին հասցնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը: Նրա խոսքով՝ Ստոկհոլմն արդեն նշանակալի քայլեր է ձեռնարկել՝ Անկարայի առարկությունները հաղթահարելու համար: Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը և ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը։
ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ
Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը և նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին հայտարարությունը կարող են տեղի ունենալ հունիսի 3-ին։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է Էրդողանի խորհրդական Մեհմեդ Ուչումը՝ նշելով, որ միջոցառումը տեղի կունենա Անկարայում։
Թուրքիայի վերընտրված նախագահի երդմնակալությանը մասնակցելու օտարերկրյա առաջնորդների ցուցակը դեռ վերջնականացված չէ, ընթանում են ճշտումներ: «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նշել է, որ արարողությանը մասնակցել ցանկացողները շատ են:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ Է
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Ադրբեջանին՝ Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման ծավալների հետագա մեծացման հարցում՝ Բաքվի էներգետիկայի շաբաթվա բացման արարողության ժամանակ ասել է ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսների գծով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Պայատը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են ավելի քան 30 տարի: Այսօր Պայատին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պետքարտուղարությունից հայտնել էին, որ պետքարտուղարի օգնականը Բաքվում կգտնվի մինչ հունիսի 2-ը: Ամերիկացի պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մեծացնելու հնարավորությունները։
ԿԺԴՀ-Ի ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԻ ԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հյուսիսային Կորեայի հետախուզական առաջին արբանյակի արձակման փորձը ձախողվել է: Ըստ Փհենյանի՝ արբանյակը տեղափոխող հրթիռն ընկել է Դեղին ծովը շարժիչի խափանման պատճառով: Հարավային Կորեայի մայրաքաղաքում տագնապի ազդանշան է գործարկվել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դատապարտել է ռազմական հետախուզական արբանյակ արձակելու Հյուսիսային Կորեայի փորձը՝ նշելով, որ դա մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում։ «Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի կոպտագույն խախտում է»,- ասել է Ստոլտենբերգը: