ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Անկարային ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքի հարցը կապել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի հետ, հայտնում է Reuters-ը։
Ամերիկայի ղեկավարը զանգահարել է Էրդողանին՝ շնորհավորելու նրան Թուրքիայում նախորդ օրը տեղի ունեցած նախագահի ընտրության երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ Զրույցի ընթացքում, ըստ Բայդենի, Էրդողանը կրկնել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու Անկարայի ցանկությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Անկարան հրաժարվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ առարկություններից։
«Թուրքիան դարձյալ պատրաստ է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու, Վաշինգտոնն էլ հույս ունի, որ Անկարան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է Բայդենը Էրդողանի հետ զրույցից հետո։
Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ից ստանալ 20 միլիարդ դոլար արժողությամբ 40 F-16 կործանիչներ և մոտ 80 հավաքածու՝ իր ռազմաօդային ուժերին սպասարկող ինքնաթիռներն արդիականացնելու համար։ Վաճառքը կանգ է առել Կոնգրեսի առարկությունների պատճառով, թեև Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է գործարքին: