Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:
Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը: