ՆԱՏՕ-ն խաղաղապահների լրացուցիչ գումարտակ կուղարկի Կոսովո՝ տեղում գործող ստորաբաժանումներին աջակցելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար՝ հայտնել է դաշինքի միացյալ ուժերի հրամանատարությունը:
Ավելի վաղ Կոսովոյի հյուսիսում սերբերի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին տասնյակ սերբեր, նաև՝ ՆԱՏՕ-ի 40-ից ավելի խաղաղապահ։ Կոսովոյի սերբ բնակչությունը պահանջում է հետ կանչել մի քանի բնակավայրի նորընտիր ալբանացի քաղաքապետներին։ Կոսովոյի վարչապետի վարչակազմից, սակայն, հայտարարել են, որ քաղաքապետները կշարունակեն պաշտոնավարել:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ դժգոհություն է հայտնել, որ միջազգային հանրությունը համաչափ չի արձագանքում Պրիշտինայի գործողություններին, միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սերբիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։