Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կառավարումն առաջիկայում ամբողջությամբ կիրականացվի մեր երկրից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց՝ կառավարման կենտրոնը գրեթե ամբողջությամբ պատրաստ է գործարկման, իսկ մինչև այդ ArmSat-1-ի կառավարումն իրականացվում է գործընկեր կազմակերպության միջոցով:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Մենք մեր գործընկերների ընդունիչ կայանների միջոցով կարող ենք այդ հաղորդագրությունները կամ հրահանգներն ուղարկել արբանյակին: Ինչպես նշեցի՝ ամբողջությամբ դեռ պատրաստ չենք կառավարումը մեզ վրա վերցնելու, քանի որ դեռ ուսուցման գործընթացի մեջ ենք, որոշ բաներ արդեն ինքնուրույն կարողանում ենք անել:
Խաչատրյանի խոսքով՝ կառավարման կենտրոնում աշխատելու համար մասնագետների պակաս չունեն, նրանց մի մասն արդեն վերապատրաստում է անցել, մյուսներն էլ առաջիկայում կմեկնեն Իսպանիա՝ արբանյակի կառավարման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: ԲՏԱ նախարարը 1 տարի առաջ ուղեծիր դուրս բերված արբանյակի գործունեությունը դրական է գնահատում:
Ռոբերտ Խաչատրյան - Մենք պարբերաբար այդ նկարները ստանում ենք, ուղղակի դեռ պաշտոնական չենք հրապարակել, գուցե դա կապենք այդ ընդունիչ կայանի և կառավարման կենտրոնի բացման հետ:
Ոլորտի պատասխանատուներն ու մասնագետներն այժմ աշխատում են նաև հայկական առաջին արբանյակի թողարկման ուղղությամբ:
Ռոբերտ Խաչատրյան - Մենք շատ կուզենք, որ երկրորդը լինի ամբողջությամբ հայկական: Չեմ ուզում սպասելիքներ ձևավորել, բայց նույնիսկ եթե մի մաս մենք այդ երկրորդ կամ երրորդ արբանյակից կարողանանք Հայաստանում պատարստել, դա ևս ձեռքբերում եմ համարում:
ՔԵՐՈԲՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՆԱՎԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ անդրադարձավ Վերին Լարսում շաբաթներ առաջ եղած խնդրին: Նշեց՝ հայկական բեռնատարների հերթ այս պահին չկա: Նախարարն ընգծեց նաև Լարսին այլընտրանք բեռնարկղային նավի գործարկման կարևորությունը: Քերոբյանի խոսքով՝ ծովային և ցամաքային փոխադրումների ժամանակային տարբերությունը չնչին է:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Նավը շաբաթական մեկ ռեյս է անում, այսինքն՝ եթե դուք նավի ռեյսից մեկ կամ մեկուկես օր առաջ եք ձեր բեռն առաքում, դա կհասնի նույն ժամանակ, ինչ որ, եթե ավտոմեքենայով տեղափոխվի, բայց մեր նպատակն է նաև ռեյսերի քանակը շաբաթվա ընթացքում շատացնել, որպեսզի ցանկացած պահի առաքելը լինի ժամանակային առումով համադրելի։
2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած զբոսաշրջային Ջերմուկն էլ պատրաստ է հյուրընկալել այցելուներին՝ նշեց Քերոբյանը, հավելեց՝ քաղաքի զբոսաշրջային ոլորտում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան