ՀՀ կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան, ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը։ Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գործընկեր երկրներում առևտրային ներկայացուցիչ ունենալու հարցին:
Անդրադառնալով Ռուսաստանում առևտրային ներկայացուցիչ ունենալու հավանականության մասին հարցին՝ Վահան Քերոբյանն ընդգծեց, որ ռուսական շուկայում աշխատանքն առավել դիվերսիֆիկացված է:
«Մենք մեզ բավականին բաց ենք պահում բոլոր այն ռուսաստանցի գործարարների նկատմամբ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, և փորձում ենք չկենտրոնանալ մեկ անձի կամ ինստիտուտի վրա»,- ասաց նախարարը։
Քերոբյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, ապա տեղեկացրեց, որ վերջին 2 տարիներին, ինչ Հայաստանն Իրանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել, 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։
«Դա լավ ցուցանիշ է, բայց նաև գիտեք, որ կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առևտուրն առավել զարգացնելու ուղղությամբ․ պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Բայց մենք հիմա պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունն այդ երկրների հետ ևս»,- ասաց նախարարը։