ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և բազմաոլորտ համագործակցության ընդլայնումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ հաջորդ տարի լրանում է մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Կարծում եմ՝ մեր երկկողմ համագործակցությունը խորանալու մեծ ներուժ ունի: Մենք նաև կարևորում ենք մեր խորհրդարանների միջև համագործակցությունը՝ առանձնացնելով մեր երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Նաև ուզում եմ ընդգծել Սլովենիայի հետ գործընկերությունը ԵՄ հետ համագործակցության շրջանակներում, հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ կարևորվել է վիզաների ազատակացման երկխոսության մեկնարկը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Սլովենիայի պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման խնդրին: «Մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները՝ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
Նա ընդգծեց, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ-ն ակնկալում է միջազգային հարթակներում գործընկերների աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: «Ես ևս մեկ անգամ ընդգծեցի, որ Հայաստանը հետամուտ է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և մենք որևիցե տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, և խնդրեցի իմ գործընկերոջը միջազգային բոլոր հարթակներում աջակցել Հայաստանի կողմից խաղաղությանն ուղղված քայլերին, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա»,- ասաց Սիմոնյանը:
Ուրշկա Կլակոչար Զուպանչիչն էլ նշեց, որ իրենք մշտադիտարկում են իրավիճակը ԼՂ-ում: «Այս առումով մենք ողջունում ենք ԵՄ ներկայությունը տարածաշրջանում, և մեր աջակցությունն ենք արտահայտում ԵՄ քաղաքացիական առաքելության համար: Մենք այսպես աջակցում ենք ժողովրդին և երկու կողմերի միջև ստեղծում ենք վստահություն»,- ասաց Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը: