Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Արևմուտքի հինգ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպում է նախաձեռնել` Կոսովոյում իրավիճակի սրացման համատեքստում:
Վուչիչը հայտարարել է, որ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ալբին Կուրտին ցանկանում է ողջ Բալկանյան տարածաշրջանում արյունահեղություն հրահրել, ու թեպետ Սերբիայի իշխանություններն այդ մասին նախազգուշացնում էին, ոչ ոք չէր ցանկանում լսել:
«Թեպետ մենք ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալբին Կուրտիի ցանկությունը մեկն է` կոնֆլիկտ առաջացնել Կոսովոյում ու Մետոխիայում, արյունահեղության հասցնել ողջ տարածաշրջանը, քչերն էին ցանկանում լսել ճշմարտությունը և հասկանալ` ինչ է իրականում կատարվում»,- ասել է նա` նշելով, որ հատկապես վերջին օրերին թե՛ կույրերը, թե՛ քաղաքականապես անգրագետները կարող էին հասկանալ` ինչ է կատարվում:
Սերբիայի կողմից չճանաչված Կոսովոյում՝ Զվեչան և Լեպոսավիչ ավաններում բախում է տեղի է ունեցել վարչական շենքերը պաշտպանող ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի և տեղացի սերբերի միջև: