Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է այսօր առավոտյան Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը: Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ Կիևը փորձում է վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և սադրել Մոսկվային հայելային պատասխան քայլեր ձեռնարկել:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ուկրաինական կողմը հարվածել է Մոսկվային, քանի որ ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Պուտինը շեշտել է՝ ռուսական կողմը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է հեռահար ճշգրիտ զենքով և միայն ռազմական օբյեկտներին: «Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգն այսօր աշխատել է նորմալ, բավարար։ Չնայած այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը հարձակումների հետ ուղղակի կապ չունի: