Երևանում հունիսի 1-ից երթուղի կմտնի «Ման» մակնիշի ավտոբուսների նոր խմբաքանակը: Ավտոբուսները կսպասարկեն համար 5 երթուղին՝ Ջրվեժից «Կիլիկիա» ավտոկայան:
Գառնիկ Դանիելյան (վարորդ) - Ջրվեժից 4-րդ մասիվ, ընդհանուր մասիվները իջնելու է, գազանանոցով Պլանի գլուխ, Մոսկովյանով Օպերա, Պրոսպեկտով Կիլիկիա:
Ավելի հարմարավետ են թե՛ մեզ, թե՛ ուղևորների համար, փափուկ: Ամենակարևորը՝ ուղևորները լավ են զգում, որ կոնդիցիոներով է: Կասսա ա լինելու, այ, էստեղ սարք է տեղադվելու, որտեղ քարտային և կտրոնով են անցնելու:
Ավտոբուսները Երևանը ձեռք է բերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի աջակցությամբ՝ ընդհանուր 25 միլիոն եվրո: Սա ներդրում է ոչ միայն ենթակառուցվածքային զարգացման, այլև մարդկանց կյանքի որակի բարելավման ու Երևանի կենսունակության բարձրացման գործում. երթուղի մտնող ավտոբուսներին առաջինը բարի երթ մաղթեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Այս ավտոբուսները ոչ միայն հարմարավետ ու հասանելի են լինելու բոլորի համար, այլև, նվազեցնելով արտանետումները, նվազագույնի են հասցնելու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ներդրումներ կատարելով նորարարական ենթակառուցվածքներում՝ մենք ոչ միայն փոխում ենք առօրյան, ներկան, այլև ստեղծում ենք հիմքեր ապագայի համար:
Շարժակազմի փոխարինումը հասարակական տրանսպորտի բարեփոխումների կարևոր փուլերից է, որը 70-ից 80 տոկոսով իրականացվել է: Ներկայացնելով մայրաքաղաքում հանրային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ հիմա ամբողջական նոր համակարգի ներդրման ժամանակն է:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Շարժակազմը էլկառավարմամբ րոպեներով մարդկանց տեղեկացնելու է՝ որ ժամին որ տրանսպորտը որ կանգառում է լինելու, հետագայում էլ ավելի կանաչ տրանսպորտ ունենալու ճանապարհին: Մեր տրանսֆորմացիայի այս շրջափուլում ունենք արդեն հիմնարար հենք՝ պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը այս սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու:
Ծրագրվում է հին չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես կանաչ էլակտրաավտոբուսներով, որոնք կերթևեկեն հատուկ ավտոբուսների համար նախատեսված գծերով:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար) - Սա իսկապես կարևոր պահ է, և ես հիշում եմ, թե ինչպես միասին նստած էինք Ֆինանսների նախարարության գրասենյակում 2021-ի դեկտեմբերին, երբ ստորագրվեց այս սքանչելի ծրագրի համաձայնագիրը: Սա ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլև կփոխի հասարական տրանսպորտի հանդեպ ամբողջական մոտեցումը:
29 տեղանոց այս ավտոբուսները փոխարինում են մանուշակագույն «Հիգեր»-ներին, հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Նման ավտոբուսներ արդեն մեկ ամիս է՝ աշխատում են՝ համար 1, 3, ամսի 1-5-ը կհամալրվի նաև Երևան-օդանավակայանը:
Երևան-Զվարթնոց նոր երթուղու ուղեվարձը կլինի 300 դրամ: Ընկերության ղեկավարը հպարտանում է՝ վարորդները գիտեն նաև օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, անգամ՝ պարսկերեն: