«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց. «Առաջարկում ենք ունենալ բաց մրցույթ տարածքային քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման համար, և պարեկային ծառայության օրինակով կադրերը համալրել բացառապես նախնական մասնագիտական կրթական խողովակով անցնելու պայմաններով:
Մենք հեռու ենք այն մտքից, որ այս ստորաբաժանման ձևավորմամբ պետք է մյուս ստորաբաժանումներից կադրային արտահոսք ունենանք, և այնպես ենք մուտքային կրիտերիաները դրել, որ այդպիսի խնդիր չլինի»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ բացատրելով, որ եթե, օրինակ, պարեկային ծառայության դեպքում կարելի է աշխատանքի անցնել միջնակարգ կրթության պայմաններում, քրեական ոստիկանության դեպքում հնարավոր է աշխատանքի անցնել բացառապես բակալավրի աստիճան ունենալու դեպքում: