Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Շատ եմ կարևորում նման այցելությունները և հանդիպումները: Իրականում բարձրաստիճան այցելությունները միայն նպաստում են երկրների հարաբերությունների զարգացմանը: Մեր երկու երկրները խորհրդարանական են, ուստի նման այցելություններն ավելի կարևոր են դառնում: Այս առումով շատ կարևոր է նաև, որ Սլովենիայի խորհրդարանում 2022 թվականին ստեղծվել է Հայաստան-Սլովենիա բարեկամական խումբը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն:
Վստահ եմ, որ Ձեր այցելությունն իր բովանդակությամբ հագեցած է և միտված է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ այդ գործում»:
Ուրշկա Կլակոչար Զուպանչին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Ձեր կողմից հյուրընկալվելը: Այստեղ գալուց առաջ շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահի հետ: Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք:
Այսօր առավոտյան ծանոթացել եմ Ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ այցելել նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Սլովենիայի և Հայաստանի սերտ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ: