Ամփոփվել է 2023 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այս մրցույթի առանցքային իմաստներից մեկը երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ներկայացման խրախուսումն է՝ որպես կրթական գործընթացի անխուսափելի բաղադրիչ»,- շնորհավորելով մրցույթի մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և կոչ արել երիտասարդներին չվախենալ իրենց մտքերն ու գաղափարները բարձրաձայնելուց՝ դա դարձնելով իրենց առօրյայի մաս:
Ըստ նախարարի՝ կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի աշխատանքը ցույց է տալիս, որ մրցույթի հիմքում դրված են որակի գնահատման խիստ չափանիշներ. «Մասնագիտական կարծիքը մասնակիցների համար որոշ առումով նաև կրթական փուլ է: Մեզ համար էլ այն կարևոր ֆիլտր է՝ գտնելու գաղափարներից լավագույնը՝ որպես թե՛ անձի, թե՛ հանրության զարգացման լավագույն ճանապարհներից մեկը»։
Նախարարը նշել է, որ տարեցտարի աճում է հետարքրքությունը մրցույթի նկատմամբ. նախորդ տարի ներկայացվել է 54 հայտ, այս տարի՝ 66:
Ժաննա Անդրեասյանը հորդորել է մասնակիցներին դառնալ դեսպաններ իրենց տարեկիցների շրջանում՝ տարածելու և խրախուսելու մրցույթին մասնակցությունը։
Մասնակիցներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը. «Սա իսկապես նորարարությունն ու երիտասարդների մասնակցությունը քաջալերող ծրագիր է, որտեղ կարևորվում է ներկայացված հայտերի ոչ միայն գիտական բաղադրիչը, այլև սոցիալական կիրառելիությունը: Սա երիտասարդներին հնարավորություն է տալիս ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները՝ հանրային կյանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար»:
Փոխնախարարը նշել է, որ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն նաև մասնակցելու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 66 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500 000-ական դրամի:
Միայն «Ճարտարապետական գիտություններ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը: Կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ «Գյուղատնտեսական գիտություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող գաղափարներն են՝
-
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Նունե Մկրտչյան, Սիլվա Մովսիսյան, Մաքսիմ Գրիգորյան, նախագիծը՝ «Օպտիկական տատանագրիչ».
-
Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում՝ կենսաբանական գիտություններ)՝ Անի Հարությունյան, Ջեմմա Մանոյան, Աստղիկ Համբարձումյան և Դիանա Հակոբյան, նախագիծը՝ «Ֆիկոցիանինից սինթեզված նանոմասնիկները՝ խոստումնալից հակաբակտերիական միջոց».
-
Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում՝ կենսաբանական գիտություններ)՝ Մանե Թադևոսյան, նախագիծ՝ «Ինչպե՞ս թափոնից ստանալ արժեքավոր նյութեր».
-
Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում՝ ռազմական գիտություններ)՝ Լիլյա Հովհաննիսյան, նախագիծ՝ «Վաղ ազդարարման սեյսմիկ համակարգ».
-
Մանկավարժական գիտություններ՝ Ջուլիետա Վարդանյան, նախագիծը՝ «TeenOri»:
Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: Նրանցից շատերը նպատակ ունեն մեծացնել թիմը և ընդլայնել ծրագիրը, ինչին կծառայեցնեն մրցանակը:
Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին: