Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ, սակայն այդ աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ չկան, չկան նաև հստակ պայմանավորվածություններ երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանների բացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Դրական շարժ կա: Հուսանք՝ այն կզարգանա ճիշտ ուղղությամբ»,- նշել է դիվանագետը։ Երխովի խոսքով՝ Անկարայի և Երևանի հարաբերություններին զարկ է տվել «երկրաշարժային դիվանագիտությունը», երբ ամիսներ առաջ Թուրքիայում հզոր երկրաշարժերից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն ցուցաբերեց։
ԱԼԻԵՎԸ ՊԱՏՄԱԿԱՆ Է ՈՐԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երկօրյա այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահին ընդունել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը Իցհակ Հերցոգի այցը «պատմական» է որակել և վստահություն հայտնել, որ այն հզոր ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում:
Հերցոգն էլ նշել է, թե Բաքուն մեծ դեր ունի տարածաշրջանում: Նա Ադրբեջանի հետ հարաբերություններն անվանել է «ռազմավարական», նշել՝ դրանք նպաստում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը, բարգավաճմանը և զարգացմանը: Հերցոգը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը և Իսրայելը պետք է էլ ավելի խորացնեն գործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Հերցոգն Ալիևին հրավիրել է այցելել Իսրայել:
ԿԻԵՎԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ Է. ՊԵՍԿՈՎԸ՝ ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է այսօր առավոտյան Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով իրականացված արձակումը: «Միանգամայն հասկանալի է, որ դա Կիևի ռեժիմի ձեռքի գործն է՝ ի պատասխան մեր շատ արդյունավետ հարվածների, որոնք իրականացվել են մայիսի 28-ին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը Մոսկվայում նման միջադեպեր չեն գրանցվել, Բելգորոդի շրջանը նույնպես երբևէ չէր գնդակոծվել, դիվերսիոն խմբերի հարձակումներ էլ չեն եղել։ Պեսկովը համոզմունք է հայտնել, որ ներկայումս Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք չկա:
Ավելի վաղ՝ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքը վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Վնասվել է մի քանի բնակելի շենք: Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ քաղաքացիական բնակչության շրջանում լուրջ տուժածներ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է՝ «Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա։
Գործարկվել է ութ անօդաչու թռչող սարք։ Դրանք բոլորը խոցվել են»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը հարձակումների հետ ուղղակի կապ չունի:
ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՈՂՈՔ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավարը կառույցի 27 երկրի անունից պաշտոնական բողոք է փոխանցել Վրաստանին՝ Ռուսաստանի և Հանրապետության միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պատճառով։ Պավել Գերչինսկին նշել է, որ Թբիլիսիի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը, որը թույլ չի տալիս ռուսական ինքնաթիռներին մուտք գործել միության օդային տարածք, և այդպիսով ցանկանում մեկուսացնել Մոսկվային:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ի պատասխան հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ երկրների հետ համեմատելը ճիշտ չէ: Նա հավաստիացրել է, որ օդային հաղորդակցությունը չի օգտագորվի պատժամիջոցների շրջանցման համար:
Երկրի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վտանգել երկրի անվտանգությունը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ հայտարարել է՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության նպատակահարմարության հարցը քննարկման կդրվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանը ԵՄ անդամ դառնա: