Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ է շնորհավորել Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Երկրների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել երկկողմ գործակցությունը։ Կրեմլի ղեկավարը նշել է՝ Էրդողանի հաղթանակը լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում Մոսկվա-Անկարա շփումների ընդլայնման համար:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։ «Կիևի և Անկարայի գործակցությունը շատ կարևոր է և նպաստում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և միջազգային կայունությանը: Մենք միասին կաշխատենք տարածաշրջանի, Եվրոպայի և աշխարհի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել է Զելենսկին։
Ջո Բայդենը ևս երկրորդ անգամ շնորհավորել է Էրդողանին նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: ԱՄՆ և Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել են զարգացնել երկկողմ գործակցությունը։
Բայդենը մաղթել է, որ ընտրությունների արդյունքները նպաստեն թուրք ժողովրդի բարեկեցությանը: Նախագահներն ընդգծել են, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններն էլ ավելի են կարևորվում՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները: