Թբիլիսիում Եվրոպական Միության դեսպանը կառույցի 27 երկրների անունից պաշտոնական դեմարշ է հայտարարել Վրաստանին՝ Ռուսաստանի և այդ երկրի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պատճառով։
Պավել Գերչինսկին նշել է, որ Թբիլիսիի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը, որը թույլ չի տալիս ռուսական ինքնաթիռներին մուտք գործել համայնքի օդային տարածք, և այդպիսով ցանկանում է մեկուսացնել Մոսկվան:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ի պատասխան հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ երկրների հետ համեմատելը ճիշտ չէ: «Թբիլիսին բարդ իրավիճակում է. մենք ուղիղ սահման ունենք Ռուսաստանի հետ, և Վրաստանի տարածքների 20%-ը օկուպացված է»,- ասել է պաշտոնյան։
Երկրի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Թբիլիսին չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վտանգել երկրի անվտանգությունը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ հայտարարել է՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության նպատակահարմարության հարցը քննարկման կդրվի միայն, երբ Վրաստանը ԵՄ անդամ դառնա: