Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում, որին ինքը պլանավորում է մասնակցել:
Հանդիպման մասին ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: Գրիգորյանն այսօր տեղեկացրել է, որ փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելու են միայն ապաշրջափակման հնարավորությունները՝ միջանցքի հարց չի արծարծվում, և դա ՀՀ համար կարմիր գիծ է:
Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար, նախնական հաշվարկով, կպահանջվի մոտ 2-3 տարի՝ ասել է Մհեր Գրիգորյանը։ Նա նշել է՝ Հայաստանն ուզում է լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն տարածաշրջանում մեր երկրի դերը՝ որպես լոգիստիկ հանգույցի։
«Ապաշրջափակումից հետո մաքսային հսկողությունը իրականացվելու է միջազգային կազմակերպության միջոցո՞վ» հարցին Մհեր Գրիգորյանը պատասխանել է՝ նման գաղափար շրջանառվել է, բայց այս պահին այդպիսի հարց օրակարգում չկա:
Գրիգորյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ «միջանցք» բառի նշանակության վերաբերյալ Մոսկվայում արած դատողություններին, որոնցում Ալիևը պնդում էր, թե տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ և «միջանցք» բառը «ճանապարհ» իմաստով է գործածում:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք լուրջ լոգիստիկ լուծում ենք ստանում։