ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից և ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում կատարելուց հետո սլովենացի հյուրերը մասնակցել են ընդլայնված կազմով հանդիպմանը:
Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում՝ բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջև արդյունավետ կապերը:
Կողմերն ուրախությամբ վկայակոչել են հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբի հանդիպման մասին:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել 2022 թվականի հոկտեմբերին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաների՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին մասնակցելու համար: Ուրշկա Զուպանչիչը տեղեկացրել է, որ Սլովենիայի կառավարությունն այդ ծրագիրը եւս երկու տարով երկարաձգել է:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձևը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքների», ինչպես նաև սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետևում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը և ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով՝ սլովենացիների համար խաղաղությունը կարևոր և կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը: Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո սլովենացի գործընկերները ՀՀ ԱԺ նախագահի և Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, որտեղ հանդիպել են Սլովենիայի կառավարության ծրագրով իրենց երկիր մեկնած երեխաներին:
ՀՀ ԱԺ նախագահը հորդորել է երեխաներին լավ սովորել և հետևել աշխարհում կատարվող իրադարձություններին` կյանքն առավել ճիշտ պատկերացնելու համար: Ուրշկա Զուպանչիչը խորհուրդ է տվել երեխաներին լինել սրտաբաց, հյուրասեր և սիրել մարդկանց` առանց խտրականության:
Երեխաների հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդանշական ծառատունկն ԱԺ բակում:
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ամփոփվել է մամուլի համար հայտարարությամբ:
Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: