Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ուղիղ ռեժիմով տեղեկություն է ստացել այսօր Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
«Միանգամայն հասկանալի է, որ դա Կիևի ռեժիմի գործողությունն էր՝ ի պատասխան որոշումների կայացման կենտրոններից մեկի ուղղությամբ մեր շատ արդյունավետ հարվածներին։ Դրանք տեղի են ունեցել կիրակի՝ մայիսի 28-ին»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա ընդգծել է, որ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը Մոսկվայում նման միջադեպեր չեն գրանցվել, չեն եղել նաև Բելգորոդի շրջանի գնդակոծություններ, դիվերսիոն խմբերի հարձակումներ։ Պեսկովը համոզմունք է հայտնել, որ ներկայումս Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք չկա:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու սարքերով հարձակումը: «Բոլոր այն մարդիկ, որոնք չգիտես թե ինչու կարծում են, որ կարող են միակողմանի խաղ խաղալ, 15 ամսից անց էլ դեռ չեն հասկացել, որ 2014 թվականի նման չի լինելու»,- ասել է Պոդոլյակը: Նրա խոսքով՝ Կիևը հարձակումների հետ ուղղակի կապ չունի: